Ավագ քահանա Վալենտին ՍՎԵՆՑԻՑԿԻ
(1882-1931)
(սկիզբը` նախորդ համարում)
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ընդունենք, որ դու սեփական աչքերով տեսնում ես մի կանաչ ծառ։ Տրամաբանական փաստարկների միջոցով կփորձեն քեզ համոզել, որ ոչ մի ծառ իրականում չկա։ Այդ դեպքում կասե՞ս արդյոք. «Դա ճիշտ չէ՛, այն կա՛»։
ԱՆՀԱՅՏ- Կասե՛մ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Շա՛տ լավ։ Հենց այդպիսի ուղի էլ ընտրում ես իմ դատողություններում։ Ես վերցնում եմ այն, ինչը դու տեսնում ես ու ինչին չես կասկածում, հետո պայմանականորեն կանգնում եմ «անմահությունը ժխտելու» տեսակետի վրա։ Ապացուցում եմ քեզ, որ այն, ինչ դու տեսնում ես և ինչին չես կասկածում, «անմտություն է» և իրականում գոյություն չունի։ Այդ ժամանակ մի՞թե դու չես ասի. «Ճի՛շտ չէ, գոյություն ունի, ես դա գիտե՛մ»։
ԱՆՀԱՅՏ- Կասեմ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Բայց այդ դեպքում դու ստիպված կլինես հրաժարվել իմ հիմնական դրույթից, որն ընդունվել է պայմանականորեն` անմահության ժխտումից։
ԱՆՀԱՅՏ- Այդ ամենն ինձ համար այնքան էլ պարզ չէ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Քեզ համար պարզ կդառնա հետագայում։ Իսկ հիմա ասա՛ ինձ, ընդունո՞ւմ ես արդյոք մարդու մեջ ազատ կամքը։
ԱՆՀԱՅՏ- Իհարկե՛, ընդունում եմ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ընդունո՞ւմ ես արդյոք մարդկանց արարքների մեջ որևէ բարոյական տարբերություն, այսինքն, մի արարք համարում ես լավ, իսկ մյուսը` վատ։
ԱՆՀԱՅՏ- Անշո՛ւշտ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ընդունո՞ւմ ես արդյոք որևէ իմաստ սեփական գոյության մեջ։
ԱՆՀԱՅՏ- Այո՛, ընդունում եմ։ Սակայն ինձ իրավունք եմ վերապահում տեսնելու այդ իմաստն այն բանում, ինչն ինձ համար իմաստ ունի։ Ինձ համար դա մի բան է, իսկ ուրիշների համար կարող է լինել բոլորովին այլ բան։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Հոյակապ է։ Այսպիսով, քեզ համար անկասկած փաստեր են կամքի ազատությունը, չարի ու բարու տարբերությունը և կյանքի ինչ-որ իմաստ։
ԱՆՀԱՅՏ- Այո՛։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այդ ամենը դու տեսնում ես, այդ ամենին դու չես կասկածում։
ԱՆՀԱՅՏ- Ո՛չ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Հիմա ժամանակավորապես ես դառնում եմ անհավատ ու ոչ մի այլ աշխարհ, բացի նյութականից, չեմ ընդունում։ Սկսում եմ խորհել ու գալիս եմ տրամաբանորեն անխուսափելի հետևության, որ «անտարակուսելին» քեզ համար անիմաստ մի բան է` չկա ոչ կամքի ազատություն, ոչ բարի, ոչ չար, ոչ էլ կյանքի իմաստ։ ՈՒ եթե իմ ապացույցներում չգտնես ամենաչնչին սխալը, կասե՞ս արդյոք, որ ես ճիշտ չեմ, որ կամքի ազատությունը գոյություն ունի, գոյություն ունեն բարին ու չարը, կյանքի իմաստը, որ դա անհեթեթություն չէ, այլ, անկասկած, մի փաստ։
ԱՆՀԱՅՏ- Այո՛, կասեմ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Սակայն, եթե դու դա ասես, արդյո՞ք չպետք է հերքես իմ հիմնական դրույթը, որից և կատարվեցին այս հետևությունները, այսինքն` իմ անհավատությունը։
ԱՆՀԱՅՏ- Այո՜... Հավանակա՜ն է...
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Հիմա քեզ համար պա՞րզ է իմ դատողությունների եղանակը։
ԱՆՀԱՅՏ- Այո՛։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Դե, սկսենք քննել։ Մեր առջև կամքի ազատության խնդիր է։ Ի՞նչ ենք հասկանում` ասելով «կամքի ազատություն»։ Ակնհայտ է, որ դա մի սկզբունք է, որի գործողությունները չեն սահմանվում ինչ-որ պատճառի հետևանքով, այլ ինքն է սահմանում այդ գործողությունները, լինելով նրանց սկզբնապատճառը։ Մարդու կամքը սկիզբ է դնում պատճառական կապի մեջ գտնվող երևույթների մի ամբողջ շարքի, ինքը մնալով ազատ, այսինքն` որևէ պատճառի հետևանքով չպայմանավորված։ Համաձա՞յն ես, որ ես ճիշտ եմ սահմանում կամքի ազատությունը։
ԱՆՀԱՅՏ- Այո՛։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Կարո՞ղ ենք արդյոք ընդունել այդպիսի սկզբունքի գոյությունը։ Անկասկած, ոչ։ Մատերիալիստներիս համար «ազատություն» հասկացությունն աղաղակող անհեթեթություն է, ու մեր գիտակցությունը ոչ մի այլ գործողություն, բացի պատճառով պայմանավորվածից, պատկերացնել չի կարող։ Չէ՞ որ աշխարհը բաղկացած է հյուլեների և էլեկտրոնների տարբեր համակցություններից։ Ոչ մի այլ գոյություն, բացի նյութականից, չկա՛։ Մարդը բացառություն չէ։ Նա էլ նույն այդ հյուլեների յուրահատուկ համակցություն է։ Մարդկային մարմինը, մարդկային ուղեղը կարելի է բաժանել քիմիական նյութերի որոշակի քանակի։ Նյութականության իմաստով չկա ոչ մի տարբերություն կենդանի օրգանիզմի և, այսպես ասած անշունչ առարկայի միջև։ Իսկ նյութական աշխարհը ենթարկվում է որոշակի օրենքների, և հիմնականներից մեկը պատճառականության օրենքն է։ Այդ նյութական աշխարհում չկան «ազատ գործողությունների» անիմաստ ու անհեթեթ հասկացություններ։ Գունդը գլորվում է, երբ մենք հրում ենք այն։ Եվ նա չի կարող գլորվել առանց հրելու և չի կարող չգլորվել, երբ նրան հրել են։ Եվ ծիծաղելի կլիներ, եթե այն, գիտակցություն ունենալով, սկսեր համոզել, որ գլորվում է իր սեփական կամքով, և որ հրումը իր ազատ ցանկությունն է։ Նա ավելին չէ, քան գունդը, որը գլորվում է` կախման մեջ լինելով այս կամ այլ հրումից և, լինելով առարկա, անտեղի ինքն իրեն երևակայում է ինչ-որ «ազատ» մի էակ։
Ամբողջ ասածը կարելի է եզրափակել տրամաբանորեն անխուսափելի հետևյալ շարքով` ոչ մի այլ կեցություն, բացի նյութականից, գոյություն չունի։ Եթե դա այդպես է, ապա մարդը ևս միայն նյութական մասնիկ է, և այդ պատճառով ենթարկվում է բոլոր օրենքներին, համաձայն որոնց ապրում է նյութական աշխարհը։ Եթե աշխարհն ապրում է պատճառականության օրենքներով, ապա մարդն էլ, որպես նյութի մասնիկ, ապրում է համաձայն այդ նույն օրենքների։ Եթե նյութական աշխարհը չի ճանաչում ազատ, «առանց պատճառի եղած» երևույթները, ապա մարդու կամքը ևս չի կարող լինել ազատ, և ինքն էլ պետք է լինի պատճառականությամբ պայմանավորված։ Այսպիսով, կամքի ազատություն գոյություն չունի։
Համաձա՞յն ես, որ ես խիստ տրամաբանորեն եմ դատում։
ԱՆՀԱՅՏ- Այո՛։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Համաձա՞յն ես այս հետևությանը։
ԱՆՀԱՅՏ- Իհարկե ո՛չ։ Ես զգում եմ իմ ազատությունը։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Շարունակենք։ Մի մարդ սովյալին տալիս է իր հացի վերջին կտորը։ Մյուսը խլում է վերջին կտորը քաղցածից։ Ընդունո՞ւմ ես արդյոք այդ երկու արարքների բարոյական տարբերությունը։
ԱՆՀԱՅՏ- Ընդունում եմ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Իսկ ես պնդում եմ, որ ոչ մի նյութական տարբերություն չկա այդ արարքների միջև, որովհետև ընդհանրապես բարու և չարի հասկացությունները կատարյալ անհեթեթություն են։ Մենք արդեն ապացուցեցինք կամքի ազատություն հասկացության անիմաստ լինելը նյութական աշխարհում։ Նույնպիսի անհեթեթություն մենք պետք է համարենք նաև բարու և չարի հասկացությունները։ Ինչպե՞ս կարելի է խոսել գնդի բարոյական վարքի մասին, որը շարժվում է, երբ նրան հրում են, և կանգ է առնում, երբ հանդիպում է արգելքի։ Եթե ամեն մի երևույթ պատճառականորեն պայմանավորված է, ապա բարոյական իմաստով նրանք անտարբեր են։ Բարու և չարի հասկացությունները տրամաբանորեն և անխուսափելիորեն ենթադրում են ազատություն հասկացությունը։ Ինչպե՞ս կարելի է խոսել վատ և լավ արարքների մասին, երբ դրանք հավասարաչափ կախում չունեն այն անձից, ով կատարում է դրանք։
Պատկերացրու մի ավտոմատ, որը կատարում է միայն այն շարժումները, որոնք պայմանավորում է զսպանակը։
Մի՞թե կասես, որ ավտոմատը վարվեց բարոյական կամ անբարոյական ձևով, երբ իջեցրեց ձեռքը։ Նա իջեցրեց ձեռքը, որովհետև չէր կարող այլ կերպ, որովհետև այդպիսին է նրա զսպանակը, ու այդ պատճառով նրա մեխանիկական գործողությունները բարոյական գնահատական չեն կարող ունենալ։ Արդյոք ինչո՞վ է տարբերվում կենդանի մարդն ավտոմատից։ Միայն նրանով, որ ավտոմատի զսպանակը երևում է, իսկ կենդանի մարդու զսպանակը` ոչ։ Սակայն ինչպես մեկը, այնպես էլ մյուսը նյութի միայն մասնիկներ են, և այդ պատճառով նրանք ոչ մի այլ գործողություն, բացի մեխանիկականից, այսինքն` պայմանավորված պատճառականով, կատարել չեն կարող։
Ամբողջ ասվածը եզրափակենք հաջորդական տրամաբանական շարքով` ոչ մի այլ աշխարհ, բացի նյութականից, գոյություն չունի։ Եթե այդպես է, ապա մարդն էլ նյութի միայն մի մասնիկն է։ Եթե նա նյութի մասնիկ է, ապա ենթարկվում է նյութական աշխարհի օրենքներին։ Նյութական աշխարհում ամեն ինչ պատճառականորեն պայմանավորված է, այդ պատճառով էլ մարդը չունի ազատ կամք։ Եթե նա չունի ազատ կամք, ապա նրա բոլոր արարքները, որպես մեխանիկական, բարոյական իմաստով չեզոք են։ Այսպիսով, «բարին» և «չարը» նյութական աշխարհում գոյություն չունեն։ Համաձա՞յն ես, որ ես դատում եմ տրամաբանորեն։
ԱՆՀԱՅՏ- Այո, քո դատողություններում ես որևէ սխալ չնկատեցի։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- ՈՒրեմն, դու համաձա՞յն ես իմ հետևություններին։
ԱՆՀԱՅՏ- Ո՛չ, համաձայն չեմ։
ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ինչո՞ւ։
ԱՆՀԱՅՏ- Որովհետև իմ մեջ կա բարոյականի զգացումը, և ես երբեք չեմ համաձայնի, թե չկա բարոյական տարբերություն ստոր և ազնիվ արարքների միջև։
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ